«Երրորդմասցի Լյովիկի» սպանությունը նախապես ու մանրակրկիտ մշակված հանցագործություն է. Pastinfo.am

13:22 • 05.03.15

«Փաստինֆոն» անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի հարևանությամբ երեկ տեղի ունեցած կրակոցներին, որոնց հետևանքով սպանվել են քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):


Ըստ կայքի՝ քրեական այս «հերթական հաշվեհարդարն առանձնանում է իր հանդգնությամբ, եթե չասենք՝ լկտիությամբ: Երեք մարդու սպանությունը տեղի է ունենում հենց ՔԿՀ մուտքի դիմաց, տեսախցիկների ներկայությամբ, օրը ցերեկով: Այն, որ այդ տարածքը տեսահսկվում է և տեղի ունեցածն ամբողջությամբ արձանագրվում է, սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն ուղղակի չէին կարող չիմանալ: Ուրեմն՝ նրանց նպատակն էլ հենց դա է եղել, թերևս հարկ է եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ հասկացնել»:


«Ի դեպ, հետաքրքրական մի հանգամանք ևս. երեկ դեպքի վայրում աշխատող քննիչները հայտարարում էին, որ ՔԿՀ-ի տարածքը հսկող տեսախցիկների նկարահանումներն առգրավված են: Ենթադրվում էր, որ դրանց միջոցով, եթե ոչ դիմակավորված անձանց, ապա գոնե նրանց ավտոմեքենան հնարավոր կլինի հայտնաբերել: Բայց պարզվում է՝ ոչ: Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործների ավտոմեքենան գողացված է, պետհամարանիշն էլ՝ կեղծված: Եվ սա ևս ավելորդ անգամ ապացուցում է, որ հանցանքը պլանավորվել է նախապես և իրագործվել ամենայն մանրամասնություններով»,– գրում է կայքը: