ԻԼԻՊ-ի զինյալները երրորդ հնագիտական հուշարձանն են ոչնչացրել Իրաքում
«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները կիրակի ավերել և թալանել են Դուր-Շարուկին հնագույն քաղաքի ավերակները՝ Իրաքի հյուսիսային Խորսաբադ քաղաքի մոտակայքում:
«Խորսաբադ քաղաքի բնակիչները հաղորդել են, որ ԻԼԻՊ-ի զինյալները մեծ քանակությամբ արժեքավոր իրեր են գողացել և պայթեցրել շինությունները», - РИА Новости-ն` DPA գործակալությանը հղումով, մեջբերում է հյուսիսային Նինվեն նահանգի հնությունների վարչության ներկայացուցչի հայտարարությունը:
Դուր-Շարուկին քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 717-ին` Սարգոն Երկրորդ թագավորի կողմից: Սարգոն թագավորի կյանքի վերջին տարիներին քաղաքը, որը կոչվել է նաև Սարգոնի միջնաբերդ, Ասորեստանի մայրաքաղաքն է եղել: Հնագույն քաղաքը լայն ճանաչում է ձեռք բերել տարատեսակ քարային ռելիեֆների շնորհիվ:
Հնագիտական հուշարձանը գտնվում է զինյալների կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Այն երրորդ հուշարձանն է, որը ավերում են արմատականները:
Ավելի վաղ ԻԼԻՊ-ի զինյալներն արդեն ոչնչացրել էին մշակութային հուշարձանները, որոնք չեն համապատասխանում իրենց կրոնական պատկերացումներին:
Փետրվարին նրանք այրել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը, ավերել էին նախաիսլամական դարաշրջանի քանդակները, իսկ ավելի ուշ` մարտի 5-ին, ոչնչացրել էին հնագույն ասորական Նիմրուդ քաղաքի ավերակները:
Մարտի 7-ին ոչնչացվել էին նաև հնագույն Խաթրա քաղաքի ավերակները:










