ԵՄ-ն կարող է Եվրամիության բանակի ստեղծման հնարավորությունը քննարկել հունիսին

17:12 • 09.03.15

Եվրոպական միությունը կարող է քննարկել ԵՄ բանակի ստեղծման հնարավորությունը հունիսին կայանալիք գագաթաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ հունիսին կայանալիք նիստին կպատրաստեն պաշտպանության ոլորտում եվրոպական քաղաքականությունն ամրապնդելու մասին առաջարկներ: Դա լավ հնարավորություն կլինի այդ գաղափարների հետագա զարգացման համար»,- նշել է Անդրեևան:

 

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումը Եվրամիությանը կօգնի ամեն տարի տնտեսել մինչև 120 միլիարդ եվրո:

 

«Մենք հետազոտություններ ունենք, որոնք ցույց են տալիս, որ պաշտպանական ոլորտի կառույցների նման համագործակությունը կօգնի տնտեսել տարեկան 120 միլիարդ եվրո»,-ասել է Սխինասը ճեպազրույցի ժամանակ:

 

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առաջարկել է Եվրամիության բանակ ստեղծել: