Նեմցովի սպանության գործով Չեչնիայում ևս 2 մարդ է ձերբակալվել. Росбалт
Չեչնիայի Շելկովսկի շրջանում մարտի 8-ի երեկոյան ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության ընթացքում ևս երկու մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Росбалт-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել հատուկ գործողության ընթացքում: Աղբյուրը հավելել է նաև, որ ձերբակալվածներից մեկը Չեչնիայի բարձրաստիճան ուժայինի ոչ հարազատ եղբայրն է: Դեռ հայտնի չէ, թե արդյոք հետաքննությունը կխնդրի դատարանին նրանց կալանավորելու մասին:
Աղբյուրը նշել է, որ այս մարդիկ իրավապահների տեսադաշտում են հայտնվել, երբ վերջիններս ուսումնասիրել են տվյալները, թե ում հետ են վերջին ժամանակներում հարաբերություններ պահպանել ավելի վաղ գործով ձերբակալված Դադաևը և Շավանովը: Նեմցովի սպանությանը նրանց ներգրավվածության մակարդակը ստուգվում է, անցկացվում են հարցաքննություններ:
Ավելի վաղ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը պատմել է՝ ինչու է սպանվել քաղաքական գործիչը։ Դադաևը հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին բացասական արտահայտվելու համար։










