Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»

14:14 • 09.03.15

«3sat» գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է «Գերմանացիները և հայերի ցեղասպանությունը» խորագրով տեսանյութ:


Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական
արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի
համակարգված սպանդի, ինչպես նաեւ՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի
դերի մասին:


Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում էին «Լեփսիուսի
տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը և
«Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս
համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական
Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրև դիտորդ:


Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական
արխիվները, ի վերջո եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ
քաղաքական  աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝
սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:


Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտում է, որ Օսմանյան զինված
ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն
Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե՝ դիտորդ:


Իսկ, ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:


Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկայիս կեցվածքն ու նրան մեղադրում «ամնեզիայի» մեջ: 


Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ
քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին,
որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր  դաշնակցի զարհուրելի
գործողությունների մասին:


Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով,  ներկայացնում է, թե ինչ բարդ
ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների
թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում ինչը մինչ
օրս անպատասխան է մնացել:


Յանցենը նշել է նաև, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով
պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու պատրաստակամություն չեն
հայտնել: