Նախատեսվում է թունավորել բանտում գտնվող Վանո Մերաբիշվիլիին, Բաչո Ախալայային և Գիգի Ուգուլավային. վրաց գործիչ
Վրաստանի «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլիի տեղեկություններով՝ մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում անձամբ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով նախատեսվում է թունավորել բանտում գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:
Նրա հայտարարության համաձայն՝ նախատեսվում է ֆիզիկական հարձակում նաև պատգամավոր Գեորգի Կանդելակիի վրա, գրում է Грузия Online-ը:
«Մանրամասն տեղեկություն, թե այդ երեքից ո՞ւմ կթունավորեն, ես չունեմ: Նրանց Միխեիլ Սաակաշվիլին արդեն զոհաբերել է, նա հույս ունի, որ ամեն ինչում կմեղադրեն ներկայիս իշխանություններին, և Արևմուտքում այդ թունավորումը կներկայացվի հետևյալ կերպ՝ «ահա ինչ է տեղի ունենում Վրաստանում»»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին «Շաբաթն «Իմեդիում»» հաղորդման եթերում:
Նա չի բացառում, որ նախագծի իրականացումը հնարավոր կդառնա բանտի առանձին աշխատակցի կաշառելու միջոցով:
Ինաշվիլիի խոսքով՝ իշխանության մարմինները պետք է ունենան այդ տեղեկատվությունը:
«Դիմում եմ Պատժի իրականացման հարցերով նախարարությանը, որպեսզի առավելապես ապահովվի Մերաբիշվիլիի, Ախալայայի և Ուգուլավայի անվտանգությունը, կիրառվեն կանխարգելիչ միջոցներ»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին:










