Կառավարությունը վաղը որոշում կընդունի «Հրաչյա Աճառյանի անվան համար 72 դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին
Կառավարությունը վաղը «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույքը հանձնելու մասին որոշում կընդունի:
Ըստ որոշման նախագծի՝ լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
«Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի պահանջների բավարարումից հետո դրամական միջոցները պետք է ուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած շարժական գույքը կհանձնվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած շարժական գույքը կնվիրվի Երևանի քաղաքային համայնքին:
Որոշման նախագծով դպրոցին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմում առկա են դպրոցական գույք, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաների համար նախատեսված սարքավորումներ, որոնց կարիքն ունեցող հանրակրթական դպրոցներին սեփականության իրավունքով ամրացնելու նպատակով նպատակահարմար է դրանք նվիրել Երևանի քաղաքային համայնքին:










