Քաղծառայողների աշխատանքի որակը 2017թ-ից կգնահատվի ամեն օր. Մանվել Բադալյան

12:57 • 09.03.15

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում որակյալ հանրային ծառայություն ունենալու համար պետք է նախ ունենալ որակյալ հանրային քաղաքացիական ծառայողներ:


Նա ընդգծեց, որ իրենք ներկայումս ջանք չեն խնայում հասարակությանը որակյալ հանրային աշխատողներով ապահովելու համար:


«Միշտ չէ, որ որակը բավարարում է պահանջներին, և գաղտնիք չէ, որ հասարակության մեջ հաճախ լսում ենք դժգոհություններ չինովնիկների տրամադրած ծառայությունների որակի վերաբերյալ, հատկապես երբ անմիջական կապ են ունենում մեր քաղաքացիների հետ: Ուստի մեր հիմնական խնդիրն այսօր այն է, որ կարողանանք արմատավորել այն գաղափարը, որ պետք է քաղաքացիական ծառայողների որակները՝ մասնագիտական, գործնական, կառավարչական, բարելավենք»,-ասաց նա:


Մանվել Բադալյանն ընդգծեց, որ իրենց ուշադրություն պետք է դարձնեն քաղծառայողի ուսուցմանը և աշխատանքի ամենօրյա գնահատմանը, սակայն դա ավելի արդյունավետ կկարողանան անել 2017թ.-ից, երբ ներդրվի համապատասխան համակարգը:


«Առաջիկա երկու տարիներին պետք է կարողանանք գնահատման նոր մոդել ներդնել, ներկայումս գործում է ատեստավորման համակարգը, որն ամբողջովին հնարավորություն չի տալիս մոտիվացնել քաղծառայողի ամենօրյա աշխատանքի որակը»,-ասաց նա:


Մանվել Բադալյանը ցավով նշեց, որ քաղծառայողի քննություն հանձնած երիտասարդների ընդամենը 20%-ն է կարողացել ձեռք բերել քաղծառայողի հավաստագիր:


«Օրինակ` մարդիկ կան, որ չգիտեն, թե որոնք են ՀՀ-ին սահմանակից երկրները կամ քանի մարզ ունի Հայաստանը: Սրանք տարրական գիտելիքներ են, որոնց պետք է տիրապետի քաղծառայողը: Հարցերը հիմնականում են վերաբերում են ՀՀ սահմանադրությանը «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, համակարգչային գիտելիքներին, հայոց լեզվին և ինչ-որ չափով հայոց պատմությանը»,-ասաց նա:


Հարցին, թե խորհրդի վրա ճնշումներ չեն լինո՞ւմ իշխանական շրջանակից, բանախոսը պատասխանեց, որ հիմնականում ճնշումները բարեկամ-հարևան-ընկերներ շրջանակից է, ոչ թե գործընկեր պաշտոնյաների:


«Երբ իմ ուսուցիչն է ինձ ինչ-որ բան խնդրում, ավելի դժվար է մերժել: Երբ գործընկերս է խնդրում, շատ հանգիստ կարող եմ մերժել, որովհետև առաջին հերթին ինձ համար աշխատողի գիտելիքն է կարևոր»,-ասաց նա: