Աղբյուրը հայտնել է Նեմցովի սպանության հնարավոր իրականացնողի անունը

15:48 • 09.03.15

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության անմիջական իրականացնողը եղել է Զաուր Դադաևը՝ չեչենական «Север» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալը: Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:

 

«Իրավապահ մարմինների ստացած փորձաքննությունների տվյալները հիմքեր են տրամադրում կարծելու, որ Նեմցովի վրա կրակած անձը եղել է Դադաևը»,- ասել է աղբյուրը:

 

Ինչպես ասել է գործակալության զրուցակիցը, սակայն «դա հնարավոր կլինի 100 տոկոսով պնդել, երբ հայտնաբերվի սպանության զենքը»:

 

Դադաևը դեռ դժկամությամբ է շփվում հետաքննության ներկայացուցիչների հետ: Աղբյուրի խոսքով՝ նրա տված սակավ ցուցմունքներից հետևում է, որ հանցագործության կազմակերպիչն ինքն է եղել։

 

Վարկածներից մեկի համաձայն՝ Նեմցովի սպանության շարժառիթ «կարող էին դառնալ իսլամի վերաբերյալ քաղաքական գործչի կտրուկ արտահայտությունները»:

 

Նախօրեին Մոսկվայի Բասմանի դատարանն արտոնել է Նեմցովի սպանության գործով հինգ կասկածյալի, այդ թվում՝ Զաուր Դադաևի ձերբակալությունը:

 

Զաուր Դադաևը խոստովանել է, որ ներգրավված է քաղաքական գործչի սպանությանը: