Չորս կասկածյալ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչությունների գործով

18:38 • 09.03.15

Ֆրանսիայի ոստիկանությունը չորս կասկածյալ է ձերբակալել Փարիզում ահաբեկչությունների կազմակերպմանը մասնակցության կասկածանքով: Այդ մասին AFP գործակալությանը հայտնի է դարձել իրավապահ մարմիններում եղած աղբյուրից, հաղորդում է ria.ru-ն:


Հունվարի սկզբին Ֆրանսիայում տեղի էին ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնք սկսվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ տպագրող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակումից: Երեք օրվա ընթացքում ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվել է 17 մարդ, այդ թվում երեք ոստիկան:


Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ձերբակալվածները եղել են հրեական խանութում պատանդներ վերցրած 32-ամյա Ահմեդի Կուլիբալիի շրջապատից:


Ֆրանսիական Figaro թերթի տվյալներով՝ ձերբակալվածների մեջ է Ամար Ռ.-ն՝ ոչնչացված ահաբեկչի բարեկամը: Նա ձերբակալվել է հունվարի 23-ին, բայց քննիչները դեռ չեն հարցաքննել նրան Փարիզի ահաբեկչությունների մասին գործի շրջանակներում:


Հարցաքննության է սպասում նաև նրա ընկերուհին՝ ժանդարմերիայի աշխատակիցը, ով հարձակումներից հետո նայել է ծառայողական ֆայլերը, որպեսզի հայտնաբերի իր գործընկերոջ մասին տեղեկություն: