Պարզ է, որ ԵՄ-ն պատ չի կառուցելու ՀՀ-ի հետ, բայց գործընթացների մասին որևէ փաստաթուղթ չկա. Բ. Ասատրյան

21:12 • 10.03.15

Նախկին Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համար պարզ է՝ ինչ-որ հարաբերություններ կձևավորվեն Հայաստանի և Եվրամիության միջև, բայց թե ինչ խորությամբ կլինի դա, ըստ նրա՝ կախված է պատրաստվող նոր, երկկողմ համաձայնագրից։  

 

«Պարզ է, որ Եվրամիությունը պատ չի կառուցելու Հայաստանի հետ, և ինչ-որ հարաբերություններ լինելու են, իսկ թե ինչպիսին՝ չեմ կարող ասել։ Բայց պարզ է նաև, որ դրանք այնպես չեն լինելու, ինչպես  օրինակ՝ Վրաստանի հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Այն հայտարարությունները, որ օրինակ՝ Հայաստանը հույս ունի Եվրամիության հետ պայմանագիր ստորագրել տնտեսական համագործակցության վերաբերյալ, Բագրատ Ասատրյանը համարում է դեռևս հայտարարություն և ոչ ավելին։ «Իհարկե՝ համագործակցելու մասին պատրասատակամություն և հույս կա, բայց ո´չ փաստաթուղթ կա, ո´չ էլ այլ բան։ Սկսված գործընթացների մասին էլ որևէ բան ասել չեմ կարող, քանի որ դրանք ըստ էության, եթե կան էլ, չեն հրապարակվում»,-ասաց նա։

 

Տնտեսագետը խոսում է եղած տվյալններից, ինչպես օրինակ՝ տարեվերջյան հրապարակված ցուցանիշերից, ըստ որոնց՝ ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է։ «Ծավալների ընդհանուր կրճատում եղել է որոշակի չափով՝ հօգուտ Մաքսային միության»,-ասաց նա։

 

Իսկ հայտարարությունը ԵՄ-ի կողմից, թե չեն պատրաստում լքել Հայաստանը, Բագրատ Ասատրյանը տրամաբանական համարեց. «Այո´,  չեն լքելու, բայց չգիտեմ՝ ինչ է լինելու, և ինչ են ակնկալում, օրինակ՝ այս պատժամիջոցները Հայաստանի վրա տարածվելու՞ են, թե՞ ոչ»,-եզրափակեց նա։