Նման քննարկում դեռ չկա, բայց Վ. Բաղդասարյանը ոչինչ չի բացառում, անգամ ՀՅԴ –ի հետ կոալիցիա կազմելը
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքականության մեջ չի բացառում ոչ մի բան, անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը:
«Մենք մեկ անգամ չենք ասել, որ մենք մեր իշխանությանը տեր ենք, բազմիցս հայտարարել ենք, որ ովքեր կկիսեն, կմիանան մեր գաղափարներին, մեր ծրագրերին և կցանկանան ավելի առաջ գնալ մեզ հետ միասին, մենք դեմ չենք, միշտ բաց ենք եղել»,-այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե մամուլում նշվում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին է խոսվում:
Այնուամենայնիվ, Վահրամ Բաղդասարյանը մանրամասնեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկում չի եղել:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» տեղեկացնում է, որ «Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, մեզ հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները։










