Կոտ դ'Իվուարի նախկին առաջին տիկնոջը դատապարտել են 20 տարվա ազատազրկման

12:40 • 10.03.15

Կոտ դ'Իվուարի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոյին, ով մեղադրվում է 2010-2011 թվականներին քաղաքական ճգնաժամի ժամանակ «ազգային անվտանգությունը խարխլելու» փորձի համար: Այդ մասին հայտարարել է դատարանի նախագահ Տախիր Դեմբելեն, գրում է lenta.ru-ն:

 

Դատավորները միաձայն ճանաչել են 65-ամյա Գբագբոյի մեղքը: Ընդ որում՝ դատախազությունը 2014 թվականի վերջից շարունակվող դատական գործի ընթացքում նախկին առաջին տիկնոջ համար պահանջել է 10 տարվա ազատազրկման ժամկետ:

 

2010 թվականի նոյեմբերին Լորան Գբագբոն, ով մինչ այդ ղեկավարել է Կոտ դ'Իվուարը 10 տարի, նախագահական ընտրություններում պարտվել է Ասալան Ուատարին, սակայն հրաժարվել է հեռանալ իր պաշտոնից: Քաղաքական ճգնաժամը վերաճել է բազմահազարանոց բախումների, որի ընթացքում մոտ 1.000 մարդ է զոհվել: Գբագբոյի աջակիցների դիմադրությունը վերջնականապես կոտրվել է միայն 2011 թվականի մայիսին, երբ կոնֆլիկտին են միջամտել ՄԱԿ-ի ուժերը և ֆրանսիացի զինվորականները: