Արցախի Վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի դիվերսանտների բողոքը

16:03 • 10.03.15

ԼՂՀ Վերաքննիչ դատարանում այսօր հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։ Այս մասին տեղեկացնում է artsakhpress.am լրատվական կայքը:


Ըստ նույն աղբյուրի՝ դատավճռի հրապարակման շրջանակներում, նախ ներկայացվել են գործին առնչվող կենսագրական տեղեկություններ՝ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի մասին, այնուհետև ընթերցվել են այն հոդվածները, որոնց համաձայն, մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներին։


ԼՂՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ՝ Նորայր Գրիգորյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Հրայր Աբրահամյանի և Կարեն Սաղյանի, վերանայելով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որոշում են ընդունել՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի և Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները մերժել։


Վերաքննիչ դատարանը վճռել է նաև օրինական ուժի մեջ թողնել Շ. Գուլիևի և Դ. Ասկերովի քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը։


Այնուհետև մեղադրյալները տեղեկացվել են, որ վերաքննիչ դատավճռի հրապարակման պահից սկսած, մեկ ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել Արցախի Հանրապետության գերագույն դատարանում։


Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։


Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևն էլ 22 տարվա ազատազրկման: