Եվրամիությունը շտկում է հարևանության քաղաքականությունը
Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) նոր խմբագրությունը ենթադրում է հաշվի առնել այդ ծրագրին չմասնակցող պետությունների արձագանքը Եվրամիության հետ երկրների մերձեցման վերաբերյալ: Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերաբերում է 18 պետության՝ Ալժիրից, Թունիսից, Սիրիայից և հարավում գտնվող այլ պետություններից մինչև ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
2011 թվականի «արաբական գարնան» իրադարձություններից հետո Բրյուսելը ստիպված է եղել մասամբ փոխել հարևանության քաղաքականությունը, այժմ այն շտկումներ է մտցնում Ուկրաինայի ընտրության վերաբերյալ Ռուսաստանի ագրեսիվ արձագանքի պատճառով:
«Եվրամիությունը միշտ չէ, որ կարողացել է պատասխանել նրա հարևանների եվրոպական մտադրությունների փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ արտաքին քաղաքականության հարցերով մարտի 9-ին կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության թարմացված կոնցեպտի «ճանապարհային քարտեզը»:
Հանի խոսքով՝ Բրյուսելը պետք է նոր մոտեցումներ մշակի հարևանության քաղաքականության մեջ ներգրավված երկրների նկատմամբ: «Մենք պետք է հաշվի առնենք այդ երկրների քաղաքական և տնտեսական տարբերությունները, ինչպես նաև այն, թե որքան է նրանցից յուրաքանչյուրը ցանկանում զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես ճիշտ աշխատել մեր հարևանների հարևանների հետ»,- հավելել է եվրահանձնակատարը:
Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ փոփոխությունները չեն նշանակում, որ այն տապալվել է, հայտարարել է Լիտվայից պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը: Բրիտանացի պատգամավոր Չարլզ Տենոկը համաձայնել է նրա հետ, որ «տասը տարի առաջ ԵՄ-ն չէր կարող կանխատեսել Ռուսաստանի ագրեսիան, որը տնտեսական շանտաժի միջոցով կանգնեցրել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը և փորձում է նույնն անել Ուկրաինայի հետ, բայց՝ ռազմական միջամտության միջոցով»:
Եվրախորհրդարանից եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով զեկուցող Սլովակիայի պատգամավոր Էդուարդ Կուկանը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն թերագնահատել է հարևանության քաղաքականության քաղաքական բաղադրիչը: «Այդ պատճառով պետք է ուժեղացվի թարմացված կոնցեպտի քաղաքական բաղադրիչը»,- նշել է նա:










