Արարատի մարզի 22 համայնքի բաշխվել է կառավարության հատկացրած պարարտանյութը

11:45 • 10.03.15

ՀՀ կառավարության «Օգնություն հողագործին» շարունակական ծրագրով Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին հատկացրած 3846 տ ազոտական պարարտանյութից արդեն մարզ է ներկրվել 871 կգ-ը, որը բաշխվել է մարզի 22 համայնքներին:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արարատի մարզպետարանի  աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ  Հայկազ Տերտերյանը, առաջիկայում կշարունակվի պարարտանյութի ներկրումը մարզ` գյուղապետերի ներկայացրած հայտերի եւ նախօրոք արված վճարումների հիման վրա: Արարատի մարզին տրամադրվել է նաեւ 191,8 տոննա ֆոսֆորական եւ 204,55 կգ ազոտական պարարտանյութ, ինչպես նաեւ` 299700լ դիզելային վառելանյութ, ինչը հողագործներին է տրամադրվելու շուկայականից զգալիորեն ցածր գներով` նախապես վճարելու պայմանով:


Ազոտական պարարտանյութի մեկ պարկն արժե 6000 դրամ (50 կգ), ֆոսֆորական պարարտանյութի մեկ պարկը` 7000 դրամ (50կգ), կալիումական պարարտանյութի մեկ պարկը` 7000 դրամ (50կգ), դիզելային վառելանյութի մեկ լիտրը` 350 դրամ:


Տերտերյանն ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին հողագործին օգնելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած այս ծրագիրը հանրապետությունում ծառայեց մի մեծ նպատակի. շուկայում պարարտանյութերի գները կտրուկ իջան:


«Եթե նախկինում գարնանն ու աշնանը գներն անհամեմատ աճում էին` նույնիսկ հասնելով կրկնակի արժեքի, ապա այսօր արդեն ծրագիրը հնարավորություն տվեց շուկայում հստակեցնել գնային քաղաքականությունը»,- ասել Տերտերյանը` հավելելով, որ հողագործը եթե անգամ պարարտանյութ է գնում խանութից կամ շուկայից, միեւնույն է, դրա գինը քիչ է տարբերվում ծրագրով ներկրվածի գնից:


Ազոտական պարարտանյութը Հայաստան է ներկրվել Վրաստանից, կալիումական պարարտանյութը եւ դիզելային վառելանյութը` ՌԴ-ից, ֆոսֆորական պարարտանյութը` Չինաստանից: