Թուրքիայում տեղի կունենա TANAP գազատարի հիմնարկեքի արարողությունը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը կմասնակցեն Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։ Դա տեղի կունենա մարտի 17-ին Կարսի շրջանում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է ria.ru-ն:
TANAP նախագիծը ենթադրում է մինչև 2019 թվականն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով և Ալբանիայով Իտալիայի հարավ անցնող գազամուղերի համակարգի կառուցում: Դրանցով նախատեսվում է Թուրքիա մատակարարել 6 միլիարդ խորանարդ մետր գազ և 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Եվրոպա: Հետագայում գազամուղի հզորությունը կարող է ավելանալ՝ հասցվելով մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:
«Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին Կարսում նախագահների մակարդակով»,- հայտարարել է Յըլդըզը պողպատ արտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով՝ գազամուղի կառուցման համար կօգտագործվի մոտ 1,3 միլիոն տոննա պողպատե խողովակ՝ մոտ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ:










