Արդյունքը փայլուն է. սփյուռքի նախարարը՝ «Արի տուն» ծրագրի մասին

11:37 • 10.03.15

Կառավարությունն այսօր կայացած հերթական նիստին հավանություն տվեց սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է ծրագիրը, և այս տարի նախատեսվում է Հայաստան բերել 1100 երիտասարդի, իսկ ճամբարային փուլում՝ 1400-ի:


Նախարարը նշեց, որ բոլոր գերատեսչությունները մասնակցում են այս ծրագրի իրագործմանը, և շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարությանը, Տարածաքային ու արտակարգ իրավիճակների նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզպետներին, ԿԳ ու Մշակույթի, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններին:


Ի դեպ՝ նախարարը մոռացավ նշել Գյուղատնտեսության նախարարության անունը, ինչի մասին նրան հուշեցին, և նա լրացրեց. «Գյուղատնտեսությունը մեր լավագույն ընկերն է»,-ասաց նա:


Հրանուշ Հակոբյանը նշեց, որ  կառավարության բոլոր անդամները, գերատեսչությունները մասնակցում են այս ծրագրի իրականացմանը և արդյունքը փայլուն է:


«Լավ ծրագիր է»,-հավելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: