Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագիրը չի ենթադրել ԵՄ-ին ինտեգրում. Շտայնմայեր
ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագիրը եղել է համագործակցության, այլ ոչ ինտեգրման առաջարկ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է korrespondent.net-ը:
«Մենք չենք խոսում Եվրամիություն մտնելու մասին, այլ ավելի շուտ Մոլդովային ավելի խորը համագործակցության, երկրի արդիականացման առաջարկի մասին»,- հայտարարել է գերմանացի դիվանագետը Ռումինիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Մոլդովան մոտ հեռանկարում չի ստանա ԵՄ մտնելու հնարավորություն, սակայն Գերմանիան կաջակցի տնտեսական բարեփոխումներին և Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանը, հավելել է Շտայնմայերը:
«Մենք կշարունակենք «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ-ից ու ԵՄ-ից դիտորդներ) Մերձդնեստրի կարգավորման հարցով բանակցային գործընթացին ակտիվ մասնակցությունը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Մոլդովան 2014 թվականի հունիսի 17-ին Բրյուսելում ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր, որը նախատեսում է միացում Եվրոպայի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն:










