Գործադիրին է ներկայացվել ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշման նախագիծ

11:29 • 10.03.15

Կառավարության հերթական նիստին այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:


Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  2012 թվականի հուլիսի 16-ի «Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Մաքսային միության միասնական մաքսային սակագների հաստատման մասին» N54 որոշման դրույթները և «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» Պայմանագրի 41-րդ և 44-րդ կետերի պահանջները  ապահովելու անհրաժեշտությամբ:


Նախարարն ասաց, որ որոշման նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից: «Մեր և Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ որոշման գործողությունը պետք  տարածվի 2015 թվականի մեկից հետո ծագող հարաբերությունների վրա, քանի որ սա պայմանավորված է ԵՏՄ-ին միանալով»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:


«Հայաստանի Հանրապետության  տարածք  ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների հանդեպ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության  լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում: