Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան
Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հույս ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ կստանա խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին` «Արմենպրես»-ի խնդրանքով անդարդառնալով Բաքվում իր գործընկերոջ` Մարեկ Ցալկայի հայտարարություններին` կապված ԼՂ հիմնախնդ ի հետ:
«Այլ դիվանագետների հայտարարությունները մեկնաբանելն իմ գործառույթների մեջ չի մտնում: Կարող եմ միայն արտահայտել Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը: Այն հայտնի է: Հիմնվում ենք ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հույս ունենալով, որ հնարավորինս արագ հակամարտությունը կստանա խաղաղ կարգավորում: Ցանկանում ենք համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,-նշեց դեսպանը:
Նրա խոսքով` Լեհաստանը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ համագործակցության ռազմավարական բնույթը բխում է Լեհաստանի և Եվրոպական միության քաղաքականության մեջ Արևելյան գործընկերության դերից: «Հայաստանը` որպես եվրոպական ու քրիստոնեական զարգացած ավանդույթներ ունեցող և հաջողությամբ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցող երկիր մեզ համար անկասկած ունի ռազմավարական նշանակություն»,-ընդգծեց Եժի Նովակովսկին:










