Գողություն է կատարվել «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից (լուսանկարներ)

17:53 • 10.03.15

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։


2015թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահի լուսամուտագոգին դրված պայուսակի մեջից հափշտակվել է Բ.Նալբանդյանին պատկանող դրամապանակը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով գույքային վնաս:
Քրեական գործով ստացվել է վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:


Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: