Ոգևորող, բարի Սմբատը. Սուրեն Աբրահամյանը Սմբատ Այվազյանի մասին՝ նրա ծննդյան օրը
Այսօր կլրանար «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանի 56-ամյակը, ինչի առիթով այսօր «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մարտիկները, ընկերները, «Հանրապետություն» կուսակցության անդամներն այցելության կգնան «Եռաբլուր»` Սմբատ Այվազյանի շիրիմին:
Դեռ Արցախյան պատերազմի դաշտից մինչև քաղաքական դաշտ Սմբատ Այվազյանի հետ ամենօրյա ռեժիմով շփվող Սուրեն Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընկերոջը. «Ազատամարտիկ, հրամանատար, ընկեր. Սմբատ Այվազյանը այն բացառիկ մարդկանցից էր, որոնք երբեք կուրծք չեն ծեծում, չեն նկարվում։ Նա Վազգեն Սարգսյանի ամենամերձավոր բարեկամներից էր ու պարկեշտությամբ, պետության նկատմամբ ունեցած իր սիրով, հարգանքով տարբերվում էր շատերից»:
Սուրեն Աբրահամյանը հիշեց, որ Սմբատ Այվազյանը սարսափելի կարգապահ լինելով` մի սովորություն ուներ, մարտի դաշտում զինվորական կամուֆլյաժի հետ «Ադիդաս» բոթասներ էր հագնում:
«Եվ պատկերացնում եք` մարտի ժամանակ զինվորական «բոտինկաների» փոխարեն բոթաս էր հագնում: Ասում էի` Սմբատ, եթե հակառակորդները մի քիչ խելոք աշխատեն, քո բոթասներից կիմանան ով ես դու»,- հիշեց նա։
Սուրեն Աբրահամյանը հավելեց, որ ահավոր կարոտում է Սմբատ Այվազյանին:










