Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով. քաղաքապետարան
Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ: Այդուհանդերձ, ելնելով նաև միջազգային փորձից, սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտեղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:
Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի» հետ համագործակցում են «S PAY» և «EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որևէ հարմար հատվածում: Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն:










