Թուրքիայում տաջիկ ընդդիմադիր գործչի սպանության գործով ձերբակալվածներ կան
Թուրքիայում երեք քաղաքացիներ ձերբակալվել են տաջիկ ընդդիմադիր գործիչ Ումրալի Քուվվաթովի սպանության գործով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը, այդ մասին հայտնել են Թուրքիայի իրավապահ մարմինները՝ նշելով, որ քաղաքական գործչի ու գործարարի սպանությունը նախապես պլանավորված է եղել, և նախապատրաստությունը տևել է երեք ամիս:
Ենթադրվել է, որ Քուվվաթովը կմահանա թույնից, որն ավելացված է եղել Տաջիկստանի քաղաքացի ծանոթի հետ ընթրիքին: Դրան մասնակցել են նաև գործարարի կինն ու երկու որդիները, որոնք դեռ գտնվում են հիվանդանոցում: Ինքը՝ Քուվվաթովը, փողոց է դուրս եկել, որտեղ էլ նրա վրա կրակել են:
Սպանությունից երեք օր անց ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որը թույն էր ավելացրել ընդդիմադիր գործչի սննդի մեջ, ինչպես նաև՝ թունավորողի երկու գործընկերներին, որոնցից մեկն էլ կրակել է գործչին:










