Դատարանն արգելել է ամերիկացուն՝ ծխել սեփական տան մեջ

19:56 • 11.03.15

Վաշինգտոնի բնակիչ Էդվին Գրեյին դատարանը ժամանակավորապես արգելել է ծխախոտ, սիգար և մարիխուանա ծխել սեփական տանը:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` ABC7-ին հղումով, ամերիկացու հարևանները բողոքել են ծխի հոտից, որը նրանց տուն է լցվում նկուղի բաց տարածության միջոցով:


Նշվում է, որ ծխող ամերիկացու հարևանությամբ բնակվողները նոր տուն են  տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ: Սկզբում նրանք փորձում էին  պայմանավորվել տղամարդու հետ, որ նա տանը չծխի, սակայն երբ նա հրաժարվել էր, հարևանները քաղաքացիական դատարան էին դիմել: Ծխելու արգելքից բացի ընտանիքը պահանջել է նաև 500 000 դոլար վճարել իրենց` որպես վնասի փոխհատուցում:


Դատական լսումների ժամանակ Գրեյին և նրա ընտանիքի անդամներին ու հյուրերին արգելել են ծխել  շենքի ներսում: Գրեյի քույրը վրդովված է և չի պատկերացնում՝ ինչպես իր ընտանիքին թույլ չեն տալիս ծխել սեփական տանը, որը նրանց է պատկանում կես դարից ավելի: