Բրյուսելում փորձել են գողանալ 1 մլն եվրո արժողությամբ կոմիքսների հերոս Տինտինի արձանը

17:15 • 11.03.15

Բելգիայի մայրաքաղաքում ցանկացել են գողանալ հայտնի Տինտինի՝ կոմիքսների հերոսի արձանը, հաղորդում է ТАСС-ը:

 

Մեկ միլիոն եվրո արժողությամբ արձանը 2011 թվականից դիմավորում է Կոմիքսների հայտնի սրճարանի հյուրերին, որը գտնվում է Բրյուսելի պատմական կենտրոնում՝ Գրան Սաբլոն հրապարակում: Այն ստեղծել է հայտնի բելգիացի քանդակագործ Նատ Նեժանը՝ 1975 թվականին:

 

«Գողերը փորձել են կոտրել ապակե ցուցափեղկը, որտեղ պահվում է քանդակը: Սակայն աշխատել է անվտանգության համակարգը և խանգարել նրանց դա անել, նրանք ստիպված են եղել փախչել»,- լրագրողներին պատմել է սրճարանի սեփականատեր Ֆրանսիս Սլոմկան՝ հավելելով, որ ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել հանցագործներին:

 

Նրա խոսքով՝ նա այժմ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Տինտինն ավելի լավ պաշտպանված լինի: