Նեմցովի սպանության համար կասկածվող Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից. ԶԼՄ-ներ

08:56 • 11.03.15

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից ու հայտարարել է իր անմեղության մասին, գրում է korrespondent.net-ը:

 

«Անընդհատ բղավում էին. «Նեմցովին դո՞ւ ես սպանել»: Ես պատասխանում էի՝ «Ո՛չ»: Ես մտածեցի, որ ինձ Մոսկվա կբերեն, ու ես այնտեղ դատարանին կասեմ ողջ ճշմարտությունը: Սակայն դատավորն ինձ անգամ խոսելու հնարավորություն չտվեց»,- հայտարարել է Դադաևը, որի խոսքերը մեջբերում է «Московский комсомолец»-ը:

 

Դադաևն այդ մասին ասել է կալանավայրում, երբ նրան այցելել են Մարդու իրավունքների պաշտպանությունը վերահսկող հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները: Նա, ինչպես և գործով կալանավորված Անզոր և Շահիդ Գուբաշև եղբայրները, հաղորդել է բռնությունների ու ծեծի ենթարկվելու մասին, որը նրանց դեմ կիրառվել է ձերբակալության ու Մոսկվա տեղափոխվելու ընթացքում:

 

«Ձերբակալության պահին ես ընկերոջս հետ էի՝ իմ նախկին ենթակա Ռուսլան Յուսուպովի: Նրանք ինձ ասացին, որ եթե խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի՝ մտածելով, որ նրան կփրկեմ, և ինձ էլ Մոսկվա ողջ կհասցնեն: Հակառակ դեպքում ինձ հետ տեղի կունենար այն, ինչ Շավանովի հետ եղավ: Նա իբր պայթեց …(Պաշտոնական տվյալներով՝ Բեսլան Շավանովը՝ Դադաևի համածառայակիցը, Գրոզնիում ձերբակալության ժամանակ պայթեցրել է ինքն իրեն-Tert.am),- ասել է նա։

 

Մարտի 8-ին Զաուր Դադաևը, որը մեղադրվում է ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության համար, խոստովանել է, որ մասնակցել է քաղաքական գործչի սպանությանը: Այդ մասին հայտարարել էր դատավոր Նատալյա Մուշնիկովան՝ կասկածյալին կալանավորելու որոշումն ընթերցելու ժամանակ:

 

Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։