Լոնդոնի զբոսայգում հավերժացրել են փայտփորիկի «հեծնած» աքիսին
Լոնդոնի զբոսայգում սոցցանցերի շնորհիվ հանրահայտ դարձած փայտփորիկին և աքիսին նվիրված հուշատախտակ են տեղադրել։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին այդ նույն զբոսայգում լուսանկարիչն իր ֆոտոխցիկով ֆիքսել էր ուշագրավ պահը, թե ինչպես է կանաչ փայտփորիկը թռչում՝ մեջքին աքիսի տանելով:

Հուշատախտակի վրա հետևյալ գրությունն է. «Հորնչերչ քաղաքային զբոսայգի: Փայտփորիկի հեծնած աքիսի տունը», գրում է lenta.ru-ն:
Հուշատախտակը տեղադրել է տեղի 30-ամյա բնակիչ Սթիվեն Քրոսը: Նշվում է, որ տղամարդուն օգնել են Լոնդոնի Karmarama գովազդային գործակալությունից նրա ընկերները՝ Սայմոն Քոնորը, Սեմ Ուոքերը և Ջո դե Սոուզան:
Հուշատախտակը տեղադրվել է շաբաթ օրը՝ մարտի 8-ին, առանց զբոսայգու և տեղի իշխանությունների գիտության: Ներկայում հայտնի չէ, թե ինչպես է հաստատությունը վերաբերվել տեղի բնակչի նախաձեռնությանը:
«Երբ տեղադրում էի նշանը, մի քանի անցորդների հանդիպեցի: Նրանց հետ շփվելով՝ հասկացա, որ մարդիկ իսկապես հպարտանում են այդ լուսանկարով: Հուսով եմ՝ զբոսայգու տնօրինությունը կթողնի հուշատախտակը»,- պատմել է Քրոսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրողական լուսանկարչությամբ զբաղվող Մարտին Լե-Մեյը լուսանկարել է, թե ինչպես է այդ զբոսայգում աքիսը թռչում՝ նստած փայտփորիկի վրա: Լուսանկարները մեծ տարածում էին գտել սոցիալական ցանցերում:










