Ես մի փոքր վատատես եմ, որ Ռիգայում ԵՄ ԱլԳ ժողովին որևէ բան կստորագրվի. Ստյոպա Սաֆարյան
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ այսօր հրավիրվել էր հասարակական-քաղաքական քննարկում, որի թեման 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովն էր:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարևոր համարեց, թե որքանով է ԵՄ-ն հաշվի առնում մեր առանձնահատկությունները:
«Մենք պետք է իմանանք, թե ԵՄ-ն Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ միասնական դիրքորոշմամբ հանդես կգա, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ ԵՄ երկրների հետ ՀՀ հարաբերությունները պետք է խորանան:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան չցանկացավ շեշտը դնել այն հարցի վրա, թե որքանով է մեր մշակույթը եվրոպական:
«Օրինակ` ռուսական մշակույթը պակաս եվրոպական չէ, սակայն Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ ուղղված է Եվրոպայի դեմ»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը չունենալով երկրի ներսում բավականաչափ լեգիտիմության պաշար, ստիպված է լինում ենթարկվել արտաքին ճնշումներին` մասնավորապես ռուսական ճնշմանը:
«Այդ բիրտ ու անթաքույց ճնշման արդյունքում իշխանությունը հայտարարում է, որ ընտրում է մի ուղի, որը հարիր չպետք է լիներ մեր երկրին: Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները կգնան Ռիգա, կհայտարարեն, որ ցանկանում են բանակցել նրանց հետ, իհարկե կասեն, որ իրենք իրենց մտածողությամբ եվրոպական են, սակայն կգնան դեպի Ուզբեկստան, որովհետև դա պարտադրված է: Շատ հնարավոր է, որ մեր իշխանավորները շատ ավելի եվրոպական են իրենց մտածողությամբ, սակայն իրենց գործողություններով այդպիսին չեն և մենք այսօր այդ փաստի հետ պետք է հաշվի նստենք»,-ասաց նա:
ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն:
«Մենք մեր երկրի անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է դիտարկենք հակադրությունների մեջ»,-ասաց նա:
«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք մեզ այս անգամ թույլատրվելու է մեր ճակատագիրը որոշել:
«Ես մի փոքր վատատես եմ, որ Ռիգայում որևէ բան կստորագրվի»,- ասաց նա և նշեց, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու պատճառները քաղաքական են և պայմանավորված են քաղաքական իրավիճակով:
«Մենք կգնանք կասենք, որ կարևորում ենք Եվրոպայի հետ համագործակցությունը, որ մանկուց դա մեր երազանքն է, սակայն կստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կթելադրվեն Մոսկվայից»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանը գտնում է, որ գագաթաժողովից առաջ մեր իշխանությունները պարտավոր են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և ներկայանալ որոշակի ծրագրով, նպատակներով:
«ԵՄ գործընկերները, ընդունելով, որ Հայաստանը բռնակցվել է ԵՏՄ-ին, այնուամենայնիվ համագործակցության ձեռք են մեկնում և հարցն այն է, թե մեր իշխանությունները կպատասխանե՞ն այդ համագործակցությանը, թե ոչ»,-ասաց նա:










