Ռուս 300 տանկիստներ բիաթլոնի մրցումներին կնախապատրաստվեն Հայաստանում
Ռուսաստանցի շուրջ 300 տանկիստներ Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում կնախապատրաստվեն տանկային բիաթլոնի մրցումներին:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Ներկայում կատարվում Է Տ-72Բ տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների լավագույն մեխանիկ վարորդների, հրամանատարների եւ նշանառուների ընտրությունը: Դրանից հետո հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ անձնակազմերը կսկսեն անցկացնել համալիր պարապմունքներ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Լավագույն տանկիստները ընթացիկ տարվա մայիսին կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի գավաթի մրցումներին:
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը 2014 թվականի օգոստոսի 4-ից մինչեւ 16-ը տեղի Է ունեցել մերձմոսկովյան Ալաբինոյում: Առաջնությանը մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, քսանից ավելի պետություններ ուղարկել են իրենց դիտորդներին:
Եզրափակիչ փուլում՝ Էստաֆետում, ընդհանուր թիմային մրցումների արդյունքներով հաղթել Է Ռուսաստանը, Հայաստանն զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդ տեղը գրավել Է Չինաստանը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, 2015 թվականին տանկային բիաթլոնի մասնակիցներ կդառնան 24 երկրներ:
Ռուսաստանում անցկացվելիք տանկային մրցումներին նախապատրաստվում են Չինաստանի, Պակիստանի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ղազախստանի թիմերը:










