ԱՄՆ-ն այսօր կարող է հայտարարել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին. New York Times

10:22 • 11.03.15

ԱՄՆ-ի իշխանություններն արդեն չորեքշաբթի կարող են հայտարարել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին, գրում է New York Times-ի էլեկտրոնային տարբերակը:

 

Թե ինչ օգնության մասին է խոսքն ու որտեղից է նման տեղեկություն հայտնվել՝ չի հստակեցվում, գրում է РИА Новости գործակալությունը։

 

«Նոր սարքավորումներ տրամադրելու մասին հայտարարությունը հնարավոր է արվի արդեն այս չորեքշաբթի»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի վարչակազմն արդեն հայտարարել է Ուկրաինային 118 մլն դոլարի ոչ մահացու ռազմական օգնություն տրամադրելու մասին: «Սակայն հստակեցվում է, որ այս պահին ուղարկվել է միայն խոստացված ծավալի կեսը»,-գրում է պարբերականը:

 

Թերթի պնդմամբ՝ ամերիկյան հետախուզությունն Ուկրաինայի սահմանը հատող ռուսական նոր տանկեր ու տեխնիկա է տեսել: Դրանով պայմանավորված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմոկրատների ու հանրապետականների, ինչպես նաև իր վարչակազմի ներկայացուցիչների գերակշիռ մասի կողմից ճնշման է ենթարկվում Կիևին զենք տրամադրելու հարցում, սակայն նա նախկինի պես համոզված է, որ դա չի օգնի:

 

«Չնայած ճնշումներին՝ նախագահը մասնավոր կարգով նշել է, որ կասկածում է զենք տրամադրելու անհրաժեշտության հարցում: Մասնավորապես, նա իր օգնականներին ու հյուրերին ասել է, որ ուկրաինացիներին զինելը կարող է տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են կոտրել ավելի հզոր ռուսական բանակին, ինչը կհանգեցնի Մոսկվայի ավելի խիստ պատասխանին»,-ասված է պարբերականի նյութերում:

 

Բացի այդ, նշվում է, որ Օբաման ևս ցանկանում է հնարավորություն տալ հնարավոր հաշտեցմանը և պատրաստ է աջակցել եվրոպացի գործընկերներին, որոնք դեմ են Ուկրաինայի զինմանը: