«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով 2 ամսվա ընթացքում 270 մարդ է վիրահատվել

13:58 • 11.03.15

Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015 թվականի հունվար-փետրվար  ամիսներին բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի, որից 116-ը՝ հունվարին,  154-ը փետրվարին: Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի առաջին երկու ամսվա արդյունքներն՝ ասաց ՀՀ ԱՆ առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:


«Ծրագրում ընդգրկվելու համար սոցիալական պայմանները չեն գործում, գործում են բժշկական ցուցումները»,- ասաց Սարո Ծատուրյանը՝ նշելով, որ ստենտավորված 270 քաղաքացիներից 151-ը՝ Երևանի, 119-ը՝ ՀՀ մարզերի բնակիչներ են: Նրանցից 210-ն արական, իսկ 60-ը՝ իգական սեռի անձինք են: Բուժօգնության ստացած անձանց միջին տարիքը 63  տարեկանն է:


Առողջապահության պետական գործակալության պետն ասաց, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք է դառնում:


Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանը ևս խոսելով ծրագրի մասին, ասաց, որ այն իրականացվում է թվով 6 բժշկական կենտրոններում և առավել ընդլայնելու վերաբերյալ հարցը կքննարկվի նախարարի հետ և լրացուցիչ կտեղեկացվի ապրիլ ամսին:


«Կարծում եմ, որ ծրագիրը կլինի շարունակական։ Ֆինանսների ընդհատման պատճառով նույնիսկ այն չի ընդհատվելու»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:


Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը: ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս նոր մոտեցման նպատակը սուր, ծանր ինֆարկտի ախտորոշման դեպքերում ոչ դեղապատ ստենտի տեղադրումով մարդու կյանքը փրկելն է:


Սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկված են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: