ԼՂՀ վարչապետն ընդունել է Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը

15:34 • 12.03.15

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունների միջև առկա արդյունավետ համագործակցության համար:


Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են  սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Մասնավորապես՝ նախանշվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին  անցնելու մեխանիզմները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վարչապետին ներկայացրել է  կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և արցախյան դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկություններ: Մտքեր են փոխանակվել Արցախում համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ՝ պայմանավորվելով շարունակել համապատասխան մոտեցումների մշակման ուղղությամբ իրագործվող աշխատանքները:


Քննարկվել են նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Ա.Ասատրյանը ներկայացրել է ՀՀ-ում  այդ ուղղությամբ  կատարվող  աշխատանքները  և գոհունակություն հայտնել, որ Արցախում ևս իրագործվում են  համապատասխան բարեփոխումները: Վարչապետը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել  արդարացի և արդյունավետ:  Ա. Հարությունյանի  խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու  ավելի  թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ: