Բեյրութում թուրքական մշակութային կենտրոնի տնօրենը Ցեղասպանությանը նվիրված քննարկմանն ի նշան բողոքի հեռացել է սրահից

16:07 • 12.03.15

«Քարնեգի» հիմնադրամի՝ Բեյրութում գտնվող Միջին Արևելքի կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական աշխարհը` ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով քննարկում, որին մասնակցել են Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը և  Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը:

 

Կլոր սեղան քննարկման ընթացքում խոսվել է դե Վաալի նոր հրատարակված՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի մասին։ Հեղինակը, ներկայացնելով գիրքը, նշել է, որ ներկայիս Թուրքիան փոխվում է և որ Տիգրանակերտում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումը դրական զարգացում է:

 

Քննարկման ավարտին ներկաները հարցեր տալու հնարավորություն են ունեցել, ինչի ընթացքում էլ Բեյրութում թուրքական մշակույթի կենտրոնի ղեկավար Ջենգիզ Էրօղլուն բողոքել է, թե զեկուցողներն ու հարց տվողները կանխակալ տրամադրվածություն ունեն և «ցեղասպանություն» եզրույթն են օգտագործում:

 

Նա նշել է, որ միջոցառումը միակողմանի է, և հակառակ կողմի կարծիքը ներկայացված չէ:
Էրօղլուն հայտնել է, որ թուրքական արխիվները բաց են, և կոչ է արել Հայաստանին էլ նույն կերպ վարվել:

 

Նա նշել է, որ «հազարավոր փաստաթղթեր կան այն մասին, որ հայերը դավաճանել են Օսմանյան կայսրությանն ու համագործակցել են ռուսների հետ և որ իրականում հայերն են թուրքերին կոտորել, այլ ոչ հակառակը»:

 

Նրա ասածից հետո դահլիճում ծիծաղի ալիք է բարձրացել, ինչին արձագանքելով՝ թուրք գործիչը նշել է, թե այդ ծիծաղն էլ է վկայում, որ ինքը ճիշտ է:

 

«Թուրքական իշխանությունների այս խոսափողը մեքենայաբար, կետ առ կետ նշում էր Թուրքիայի ժխտողական թեզերը»,- գրում է «Ազդակը»՝ արձանագրելով, որ Թոմաս դե Վաալի կողմից արժանի պատասխան ստանալուց հետո նա լքել է սրահը: