Եվրախորհրդարանը պահանջել է Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել: Այդ մասին ասված է հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանականների ընդունած բանաձևում, հաղորդում է ТАСС-ը:
Խորհրդարանականները կարծում են, որ Նեմցովի սպանությունը «Ռուսաստանի ժամանակակից պատմության ամենանշանակալի քաղաքական սպանությունն է», ասված է փաստաթղթի տեքստում: Նրանք խնդրում են «անցկացնել միջազգային հետաքննություն՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կարող են ապահովել հետաքննության անկողմնակալությունն ու ազնվությունը»:
Բացի այդ, խորհրդարանականները դատապարտել են «ռուսական ղեկավարության որոշումը՝ խոչընդոտել Նեմցովի հուղարկավորությանը ԵՄ-ի մի շարք դիվանագետների մասնակցությունը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում փետրվարի 27-ի ուշ երեկոյան:
Մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է առել Անզոր և Շահիդ Գուբաշևներին, Թամերլան Էսկերխանովին, Համզադ Բախաևին և Զաուր Դադաևին, ովքեր կասկածվում են Նեմցովի սպանության համար:










