«Արթիկ» ՔԿՀ-ի 41 դատապարտյալ մասնագիտական դիպլոմ է ստացել

13:51 • 12.03.15

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:


Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։


Վկայականների հանձնման արարողությանը  ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը, «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության  ներկայացուցիչներ:


Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ և բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի միջև համագործակցությունը:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես կարևորել է  նման միջոցառումների անցկացումը քրեակատարողական հիմնարկներում և հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:


Հիշեցնենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով: