Գյումրիում զինված միջադեպի գործով 2 անձ ձերբակալվել է, ևս 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:16 • 12.03.15

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, ևս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում։


Հիշեցնենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին լույս 8-ի գիշերը հնչել էին կրակոցներ: Հրազենային և կտրող ծակող գործիքներից 6 անձ տեղափոխվել էր հիվանդանոց. նրանցից մեկը ավելի ուշ մահացել էր։


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գյումրիի Մյասնիկյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը։


Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մարտի 11-ին որոշում է կայացվել բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Գյումրի քաղաքի բնակիչ Փայլակ Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։


Հիշեցնենք, որ մարտի 10-ին որոշում է կայացվել Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։


Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։


Նույն օրը՝ մարտի 10-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։