Մենք նախապատրաստում ենք նախագահների հաջորդ հանդիպումը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ առաջիկայում նախատեսում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ նախաձեռնել:
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է շփման գծում իրավիճակը՝ տարածաշրջան կատարած վերջին այցից հետո, Ուորլիքն ասել է. «Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից կայունացել է: Մենք կողմերին կոչ ենք անում հետևել հրադադարի ռեժիմին ու բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ բանակցությունների համար»:
Խոսելով հրադադարի պահպանման հարցում կոնկրետ առաջարկների մասին՝ Ուորլիքն ասել է, որ հանդիպումների ընթացքում նախագահները հաստատել են խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունն ու հայտարարել են, որ հաշվի են առնելու հրադադարի ամրապնդման հետ կապված առաջարկները:
«Մեր առաջարկն է կանխել միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Խոսելով ԼՂՀ-ում ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին՝ Ուորլիքը կրկնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերը՝ նշելով, որ կողմերի կողմից ձերբակալված մարդկանց ազատ արձակելը մարդասիրական քայլ կլիներ:
Ուորլիքն անդրադարձել է նաև ԼՂՀ իշխանություններին բանակցություններում ներգրավելու մասին հարցին՝ նշելով, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:
Ամերիկացի համանախագահը խոսել է նաև նախագահների հերթական հանդիպման նախատեսման մասին:
«2014 թվականի հոկտեմբերին փարիզյան հանդիպման ընթացքում նախագահները հայտարարել են, որ կողմ են երկխոսության զարգացմանը: Տարածաշրջան վերջին այցի ընթացքում նախագահներն այս տարվա ընթացքում հանդիպելու պատրաստակամություն են հայտնել: Մենք արտգործնախարարների հետ աշխատում ենք, որպեսզի կողմերի միջև տարաձայնությունները նվազեն և պատրաստենք նախագահների հերթական հանդիպման օրակարգը»,-ասել է Ուորլիքը:










