Պետությունը պետք է բժշկության բոլոր տեսակները լիցենզավորի. փաստաբան
ՀՀ օրենսդրության մեջ «բժշկական սխալ» հասկացություն գոյություն չունի, ինչի հետևանքով հաճախ մասնագիտական սխալ թույլ տված բժիշկները պատասխանատվության չեն ենթարկվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ հաճախ նույնիսկ փորձաքննություններից հետո հնարավոր չի լինում պարզել՝ բժիշկը թույլ է տվե՞լ սխալ, թե՞ ոչ:
«Համապատասխան օրենքում ասվում է, որ եթե մասնագիտական պարտավորությունները բժիշկը կամ չի կատարել, կամ անփութորեն է կատարել, ինչի արդյունքում հիվանդի առողջությանը հասցվել է միջին ծանրության կամ ծանր վնասվածքի, ապա բժիշկը պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց նա՝ նշելով, որ չի ցանկանում հարցը կենտրոնացնել բժշկի պատասխանատվություն կրելու հարցի շուրջ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի խուսափեն սխալներից:
«Պետությունը պետք է բժշկության բոլոր տեսակները լիցենզավորի և յուրաքանչյուր անձ, որ զբաղվում է բժշկությամբ, պետք է համապատասխան ծառայության համար լիցենզիա ունենա, ինչը որոշ տեսակների դեպքում բացակայում է: Օրինակ՝ ներկայումս սքենար թերապիան լիցենզիա չի պարտավորեցնում, այնինչ մարդիկ գնում են ժամանակ ու փող են վատնում թերապիայի վրա»,- ասաց նա:
Փաստաբան Մուրադ Ասրյանն էլ մի մասնավոր դեպք օրինակ բերեց, երբ «Ռ և Պ սքենար» ընկերությունը, որը Առողջապահության նախարարության կողմից ստացել է լիցենզիա զբաղվելու միայն առաջնային բուժօգնությամբ և ախտորոշմամբ, մատուցել է նաև մասնագիտական բուժօգնություն և կիրառել սքենար թերապիա:
«Նախարարությունը վերջերս՝ փետրվարի 25-ին, կասեցրեց ընկերության լիցենզիան, բայց օրերս ընկերության տնօրենը Facebook-յան իր էջում գրել է, որ վերականգնում են իրենց աշխատանքը և շարունակելու են այն»,- ասաց նա։
Հարցին, թե ում կարող է դիմել հիվանդը, երբ բժշկի անփույթ վերաբերմունքի հետևանքով վնասել է առողջությունը, փաստաբան Գևորգ Մկրտչյանն ընդգծեց, որ միակ տարբերակը դատարանն է:
«Իհարկե չեմ կարող խոսել դատարանի արդյունավետության մասին, սակայն մի բան կարող եմ խորհուրդ տալ բոլոր հիվանդներին՝ ցանկացած բժշկական հաստատությունում ուշադիր լինել մատուցող ծառայությունների հետ իրավահարաբերությունների մեջ մտնելիս ու կարգավորել հարցը պայմանագրերով, ուշադիր կարդալ դրա բոլոր կետերը»,- ասաց նա:










