Չորս երկրների բանակները 36 քաղաք են հետ վերցրել Նիգերիայում «Բոկո Հարամի» գրոհայիններից

10:25 • 12.03.15

«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հետ են մղվել նիգերիական 36 քաղաքից՝ Նիգերիայի, Չադի, Կամերունի և Նիգերի զինվորականների համատեղ հարձակումից ի վեր: Այդ մասին չորեքշաբթի՝ մարտի 11-ին, հայտնել է Նիգերիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչը, գրում է korrespondent.net-ը:

 

«Հույս կա, որ իրականացվող տարածաշրջանային համագործակցությունը կարագացնի Նիգերիայում և տարածաշրջանում «Բոկո Հարամի» ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, այս տարի Նիգերիայի զինվորականներին, որոնք դիմակայում են իսլամիստներին, միացել են Չադի, Կամերունի և Նիգերի զինծառայողները։

 

2009 թվականից Նիգերիայում «Բոկո Հարամի» գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: 1,5 միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել տները: