Պեսկովը Պուտինի հիվանդության մասին լուրերը բացատրել է գարնանային սրացումով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերի հայտնվելու պատճառը, գրում է lenta.ru-ն:
«Հենց գարնանն արև է հայտնվում, հենց սկսվում է գարնան շունչը զգացվել, սրացումներ են սկսվում»,- ասել է Պեսկովը:
«Մեկին «Ռոսնավթի» նախագահ Իգոր Սեչինի հրաժարականն է թվում, մեկին՝ կառավարության հրաժարականը, իսկ մեկը մի քանի օր հեռուստացույցով չի տեսնում նախագահ Պուտինին»,- նշել է մամուլի քարտուղարը:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլում «նման սրացումներին» հանգիստ են վերաբերում:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ Պուտինը «լավ առողջական վիճակում է»:
Ռուսաստանի նախագահի վատառողջ լինելու մասին տեղեկությունը տարածել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում առկա աղբյուրի:
«Նա (Պուտինը) կարծես հիվանդացել է»,- ասել են Աստանայում, որտեղ մարտի 13-ին պետք է կայանար Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունները մի քանի օրով հետաձգվել են:










