Պատերազմի ընթացքում Սիրիան կորցրել է լուսավորության 83 տոկոսը. BBC
Սիրիայի տարածքի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ երկրում զինված հակամարտության սկզբից ի վեր լուսավորությունը կրճատվել է 83 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նման զեկույցով են հանդես եկել իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունները:
Զեկույցը երեկ երեկոյան ներկայացվել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:
Համաձայն չինացի հետազոտող Ցզի Լիի՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում արված գիշերային լուսանկարները ցույց են տալիս, որ բախումների հետևանքով ավերված քաղաքում պահպանվել է միայն մինչպատերազմյան լուսավորության 3 տոկոսը:
Սիրիայում 2011 թվականին սկսված հակամարտությունն ավելի քան 200 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:
Կառավարական զորքերը փորձում են դիմակայել տարբեր զինյալ խմբավորումների, որոնց կազմում շատ են օտարերկրյա վարձկանները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետևանքով հումանիտար աջակցության կարիք ունի ավելի քան 12 մլն մարդ: Մոտ 4 մլն սիրիացի փախստական է դարձել, ևս 7 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները, բայց գտնվում են Սիրիայի տարածքում:










