Հալեպը ցնցել է հերթական հուժկու պայթյունը

16:26 • 12.03.15

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում այսօր հերթական ուժգին պայթյունն է որոտացել, որը ցնցել է ողջ քաղաքը:

 

Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մոտ գտնվող «Աբդել Համիդ ալ Զահրաուի» վարժարանի մոտ, ինչի հետևանքով ֆիզիկական ու նյութական ծանր վնասներ են արձանագրվել:

 

Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունի հետևանքով ամբողջ քաղաքը ցնցվել է, անմասն չեն մնացել նաև հայահոծ թաղամասերը:

 

Զինյալ խմբավորումների կողմից ականների պայթյուններին հաջորդել են սիրիական բանակի ու խմբավորումների միջև երկար ժամեր տևած բախումները:

 

Սիրիական բանակին հաջողվել է կասեցնել խմբավորումների մուտքը կառավարամետ շրջաններ:

 

Հիշեցնենք, որ Սիրիայում նմանատիպ՝ երկրաշարժի նման ուժգին պայթյուն էր տեղի ունեցել նաև օրեր առաջ: