Էստոնիայում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

13:09 • 12.03.15

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 11-12-ն անցկացվում են հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակին, գրում է baltnews.ee կայքը։

 

Միջոցառումներին մասնակցում են Հայաստանից ներկայացուցիչներ՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը։ Հիշատակման միջոցառումներին կմասնակցեն նաև էստոնացի խորհրդարանականները, հասարակական և մշակութային գործիչներ։

 

Մարտի 11-ին Տալլինում Էստոնիայի ազգային գրադարանում բացվել է «Հայոց ցեղասպանության արտացոլումը միջազգային մամուլում» խորագրով ցուցահանդես։

 

Իսկ մարտի 12-ին Տալլինի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա «Քե՛զ հետ, Հայաստա՛ն» համերգը, որին կմասնակցեն Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը, Ժենյա Հովսեփյանը (մեցո-սոպրանո) և Անդրանիկ Քեչեկը (դաշնամուր)։ Դիրիժորները կլինեն Անդրես Մուստոնենը և Միկ Յուլեոյան։

 

«Քե՛զ հետ, Հայաստա՛ն»-ը համերգների շարք է, որոնք կանցկացվեն 2015թ. գարնանն աշխարհի տասնյակ քաղաքներում։ Այդ շարքի առաջին համերգը կայացել է մարտի 5-ին Երուսաղեմում։ Միջոցառման մուտքն ազատ է։

 

Էստոնիայում Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միջոցառումները կազմակերպում է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը և Էստոնիայի հայերի միությունը։