Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման. երկրի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման՝ ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նա որպես օրինակ նշել է, որ մի շարք եվրոպական կամ այլ երկրներում տնտեսական իրավիճակը հանգեցրել է դոլարի գնաճի:
Երեկ Ալի Բաբաջանը հանդիպել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էրդեն Բաշչիի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց հետ քննարկել են Թուրքիայի տնտեսական դրությունը:
Նախագահական պալատում կայացած քննարկումը տևել է 2.5 ժամ: ԿԲ նախագահը հանդես է եկել 130 էջից բաղկացած զեկույցով:
Ավելի վաղ ԿԲ ղեկավարը մի քանի անգամ ցանկացել էր հանդիպել նախագահի հետ, սակայն զայրացած Էրդողանը մերժել էր նրան:
Փետրվարի ընթացքում Էրդողանը մի քանի անգամ քննադատել էր ԿԲ նախագահին՝ հայտարարելով, թե նա վնաս է հասցնում երկրի շահերին:
Բաշչին հայտարարել է, որ տոկոսադրույքների նվազեցման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ վստահության մթնոլորտը բարելավելու ու կայունություն համար:










