ԱՄՆ-ում պահանջում են պատասխանատվության ենթարկել 47 սենատորի

09:17 • 12.03.15

ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել՝ Իրանի կառավարությանը բաց նամակ հղած ամերիկացի 47 սենատորներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, 2 օրում հավաքվել է ավելի քան 166 հազար ստորագրություն:

 

«Դա դաշնային օրենսդրության կոպիտ խախտում է: Այդ սենատորները դավաճաններ են»,-ասված է փաստաթղթում:

 

Ավելի վաղ 47 հանրապետական սենատորներ Իրանի ղեկավարությանը նամակ էին հղել, որում կասկած էին հայտնել, թե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն նաև 2016-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: Հանրապետականները բազմիցս փորձել են կասկածի տակ դնել Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը:

 

Ստորագրահավաքի կազմակերպիչները կարծում են, որ սենատորները խախտել են ամերիկյան օրենքը, որով քաղաքացիներին արգելվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից չարտոնված բանակցություններ վարել այլ երկրի կառավարությունների հետ և որը պատժվում է մինչև 3 տարի բանտարկությամբ: