Հարավաֆրիկացի լրագրողին կողոպտել են ուղիղ եթերի ժամանակ
Հարավաֆրիկյան SABC հեռուստաընկերության լրագրող Վույո Մվոկոյին (Vuyo Mvoko) կողոպտել են ուղիղ եթերի ժամանակ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել, երբ թղթակիցը հաղորդում էր վարում` գտնվելով Յոհանեսբուրգի հիվանդանոցներից մեկի մոտակայքում:
Լրագրողին են մոտեցել երկու տղամարդ, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակով, և պահանջել են իրենց տալ բջջային հեռախոսը: Լրագրողը կատարել է պահանջը, որից հետո կողոպտիչներն անհետացել են:
Կատարվածից հետո լրագրողը հայտնել է, որ սկզբում հրաժարվում էր կատարել նրանց պահանջը, սակայն ավելի ուշ ստիպված է եղել դա անել: Նա լսել է, թե ինչպես է հարձակվողներից մեկը հանցակցին ասել. «կրակի՛ր այս շան վրա», ինչն իրենց ստիպել է տալ հեռախոսը:










