Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին կարևոր շեշտադրումը հետևանքների հաղթահարումն է. պատմաբան

15:49 • 13.03.15

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:


Պատմաբան Արմեն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին կարևոր շեշտադրումը հետևանքների հաղթահարումն է։ Իսկ հետևանքների հաղթահարումն ըստ նրա իրենք բաժանում են հինգ հիմնախնդիրների։


«Առաջինը դա հայրենազրկումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության ոչնչացումն է, որ տեղի է ունենում մինչ այսօր, երրորդը՝ մարդկային կորուստներն են, որոնք ազդել են մեր ժողովրդի հետագա կենսագործունեության վրա, չորրորդը՝ նյութական կորուստներն են, որոնք ուղեկցվել է թալանով և վերջինը՝ հոգեկան ձախողումներ են և հոգեբանական խնդիրները։ Այս հինգ ուղղություններով  պետք է աշխատանք տարվի»,- ասաց նա։


Իսկ թե ակտիվ աշխատանք ասելով ինչ նկատի ունեն, արդյոք այլ երկրների կողմից ճանաչումը, պատմաբանը նկատեց, որ այլ երկրների կողմից ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի։


«Փորձը ցույց է տալիս, որ այդ երկրները Հայոց ցեղասպանությունը ճանաչում են իրենց նպատակահարմարությունից ելնելով, այսինքն՝ խնդիրը չպետք է դրվի, որ մենք ռեկորդ սահմանենք, թե քանի երկիր է ճանաչում,  խնդիրն այն է, որ գոնե ճանաչեն ազդեցիկ դերակատարներ, որոնք իրենց ճանաչումով ճնշում  կգործադրեն հանցագործ պետության  վրա»,- ասաց նա։


Ըստ նրա՝ այլևս շեշտադրումները փոխվել են. «Եվս մի քանի երկրի ճանաչումով որակական փոփոխություն չի լինի, մենք այլևս խոսում ենք հետևանքների հաղթահարման և հատուցման մասին, սա է կարևոր շեշտադրումը 100-րդ տարելիցի նախօրյակին»։


Քննարկմանը Ռուսաստանի հայերի միության կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իրենց նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը և դրան հասնելու գործնական ուղիները։


Նա մասնավորապես անդրադարձավ միջազգային իրավունքի մասնագետ պրոֆեսոր Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատությանը։


«Յուրի Բարսեղովն աշխատություն է ներկայացրել մեզ, որտեղ ոչ միայն առկա է 65 երկրների արխիվներից  հավաքված փաստաթղթեր, այլ նաև մեկնաբանել է միջազգային իրավական տեսանկյունից հնարավորությունը»,- ասաց նա։


Արամ Սարգսյանը  խոսեց նաև պրոֆեսորի թողած մեկ այլ աշխատության մասին, որը դեռևս տպագրված չէ։ «Այս աշխատության մեջ լիովին ներկայացված է, թե միջազգային որ դատարան կարող է դիմել, որը՝ ոչ,որպեսզի Թուրքիան այդ հարցում լինի մասնակից»,- ասաց նա։