Ադրբեջանում ևս մեկ լրագրողի դեմ դատական գործ է սկսվել
Ադրբեջանի Իսմայիլի շրջանի դատարանը երեկ քննել է «Ադրբեջանական ժամ» ինտերնետային պարբերականի աշխատակից Էլչին Իսմաիլիի դեմ գործը:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, լրագրողը մեղադրվում է պատվի ու արժանապատվությունը վիրավորելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 9-ին:
Դատարան է դիմել «Չեռնոբիլի հաշմանդամների» Իսմայիլի մասնաճյուղի ղեկավար Մելեյկա Լաթիֆովան, որը նյութական փոխհատուցում է պահանջում:
Լրագրողը նշել է, որ երեկ կայացած դատական նիստում պարզվել է, որ դատարան է դիմել ևս մեկը՝ դպրոցական համազգեստի կարի ֆաբրիկայի ղեկավար Լաթաֆեթ Մամեդովան: Նա ևս վիրավորանքի համար նյութական փոխհատուցում է պահանջում:
Երկու կանայք էլ պահանջում են, որ Իսմայիլի շրջանի բնակիչներին սոցցանցերում վիրավորելու համար «Ազադլըգ» թերթում ներողություն հրապարակվի:
Սակայն լրագրողը պնդում է, որ որևէ կապ չունի բնակիչների մասին գրառման հետ:
«Ինչ վերաբերում է «Ազադլըգ» թերթին, ապա այն առհասարակ Իսմաիլիի մասին նյութ չի տպագրել, իսկ այդ բողոքները նպատակաուղղված են իմ լրագրողական գործունեությունը սահմանափակելուն: Իմ հետապնդման իրական պատճառը շրջանի բնակիչների բողոքների մասին տեսանյութերն են, որտեղ խոսվում է նրանց խնդիրների մասին և որը ցուցադրվել է «Ադրբեջանի ժամում», - ասել է Էլչին Իսմայիլին:
«Ադրբեջանական ժամը» հայտնի է իր քննադատական հաղորդումներով՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Ավելի վաղ խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էլ ինտերնետային ալիքի հաղորդավար Սեյմուր Խազին:
Պրոդյուսոր Խալիդ Գարաևն էլ 25- օրյա վարչական կալանքի էր դատապարտվել: Հաղորդման երկու այլ աշխատակիցներ՝ Գանիմաթ Զաիդովն ու Նաթիկ Ադիլովը, հարկադրված էին եղել լքել երկիրը:










